Ինչպես անցած տարի, այս անգամ ևս տարին ամփոփեցինք բարեգործական նախաձեռնությամբ՝ ժպիտներ ու տոն բերելով երեխաներին։ Կրթության և մշակույթի դերը երեխաների ու երիտասարդների կյանքում մշտապես կարևորելով՝ այս տարի այցելեցինք «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Արագածոտնի մարզի սաներին՝ նրանց համար կազմակերպելով ջերմ ու հիշարժան ամանորյա միջոցառում։
Ուջանի մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառումն իսկական մշակութային տոն էր։ Կենտրոնի սաներն ունեցան երաժշտական ելույթներ՝ ներկայացնելով ազգային երգեր և պարեր, իրենց ստեղծագործական կարողությունները ցուցադրեցին նաև ձեռքի աշխատանքների միջոցով։ Գորգագործության, խաչքարագործության և փայտամշակման մաստեր-կլասներն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին՝ ընդգծելով ազգային արհեստների գեղեցկությունն ու պահպանման կարևորությունը։
Օրը լի էր ժպիտներով ու ջերմությամբ։ Միջոցառման ավարտին երեխաներն իրենց սիրելի Ձմեռ պապիկից և էլֆերից ստացան ամանորյա նվերներ՝ օրը դարձնելով առավել հեքիաթային ու հիշարժան։
Ուրախ ենք, որ «ԱՐԱՐ» կենտրոններ գործում են Հայաստանի բոլոր մարզերում՝ հնարավորություն տալով երեխաներին բացահայտել իրենց տաղանդը, ամրապնդել ազգային ինքնությունը և կենդանի պահել հայկական մշակույթն ու ավանդույթները։