Ալյումինե դռների եւ պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն` ի դեմս PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի եւ խոշոր կառուցապատող Defanse Housing Invest ընկերությունն` ի դեմս Defanse Housing-ի կոմերցիոն տնօրեն Սեյրան Մնացականյանի համագործակցության պայմանագիր են կնքել:
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում` Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարեւանությամբ, կառուցվում է Defanse Housing թաղամասը, որն իր մեջ ներառելու է բնակելի համալիրներ, գործարար միջավայրի գործունեության համար լավագույն պայմաններ եւ կենսական նշանակություն ունեցող ավելի քան 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակ:
PROFAL-ն իր շուրջ 25-ամյա գործունեության ընթացքում իրականացրել է 30 հազարից ավելի նախագիծ Հայաստանում եւ արտերկրում: Այս պայմանագրով ընկերությունը շարունակում է եվրոպական բարձրակարգ հումքից իր որակյալ արտադրանքով եւ ծառայություններով հավելյալ արժեք հաղորդել տեղական խոշոր նախագծերին։ PROFAL-ը կիրականացնի Defanse Housing բազմաֆունկցիոնալ թաղամասի առնվազն 20 բնակելի եւ կոմերցիոն շենքերի դռների ու պատուհանների տեղադրումն ու արտաքին ապակեպատման աշխատանքները:
«Մենք այսօր ոչ միայն սկիզբ ենք դնում կարեւոր համագործակցության, այլեւ հաստատում վստահության նոր մակարդակ երկու ընկերությունների միջեւ։ PROFAL-ը մատակարարելու է եվրոպական հումքով բարձրակարգ ալյումինե դռներ եւ պատուհաններ, ինչպես նաեւ ֆասադային կոնստրուկցիաներ։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մաս կազմում այս բացառիկ թաղամասի կառուցմանը՝ մեր փորձով ու բարձրորակ լուծումներով»,- ասել է Էդգար Ավետիսյանը։
Կառուցապատողը շինարարական աշխատանքների կատարման նախապատվությունը տալիս է մասնագիտացված լավագույն կազմակերպություններին: Defanse Housing թաղամասի կառուցումը բաղկացած է երեք փուլից՝ ընդգրկելով ավելի քան 100 բնակելի շենք, դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային եւ առեւտրային համալիրներ, բժշկական ու դիագնոստիկ կենտրոններ, ինչպես նաեւ ամբողջովին նոր ստեղծվող ինժեներական համակարգեր։
«Defanse Housing-ը, սահմանելով կառուցապատման որակի բարձր աստիճան, գործընկերային համագործակցության շրջանակներում առաջնահերթությունը տալիս է ոլորտի առաջատար ընկերություններին»,-նշել է Սեյրան Մնացականյանը։
Թաղամասում կառուցվող բազմաբնակարան համալիրի հաջորդ խմբի շենքերի դռների ու պատուհանների տեղադրման եւ արտաքին ապակեպատման աշխատանքները կիրականացնի PROFAL ընկերությունը՝ համագործակցելով երեսպատում իրականացնող «Սմարթ Փրոջեկտ» ընկերության հետ:
Նախագծի անխափան եւ շարունակական ֆինանսավորումն իրականացվում է «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից։